ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ
09.05.2023 | 21:31

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց դեռևս մանկությունից գիտեմ, թե ինչ է պատերազմը: Գիտեմ հայրական ու մայրական տատերիս սև զգեստներից, դիմապատից կախված սև շրջանակով հորեղբորս ու մորեղբորս զինվորակսն համազգեստով մեծադիր լուսանկարներից:

Գիտեմ հայրական տատիս լուռ ու հավերժական սպասումից. «Դուռը մի' փակեք, Աղաջանս կգա»:

Մայրական տատիս թաց գոգնոցից գիտեմ. «Ախր, Արշալույսը բացվեց, ու Արշալույսս չեկավ»:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Մայրիկիս` փայփայած մինուճար եղբոր «սև թղթից» գիտեմ: Հայրիկիս` աշխարհի տարբեր անկյուններ հարցումների գրավոր պատասխաններից:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Արդեն խունացած «եռանկյունի» նամակներից գիտեմ: Մեր գյուղի քարակերտ հուշարձանին փորագրված անուններից:

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը: ՈՒ տխուր է այդ հիշողությունը, տխուր ու չվերջացող:

Այդ հիշողությունը դեռևս իմ մանկությունից է գալիս, ու թվում է, թե այն միշտ եղել է իմ հոգում, ոչ մի պահի չի լքել ինձ: Այդպես է. պատերազմի հիշողությունը միշտ արթուն է ու արթուն է պահում նաև տիրոջը...պատերազմ չտեսած տիրոջը:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 7523

Մեկնաբանություններ